ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչու Իսրայելը չընդունեց Հայոց եղեռնի բանաձևը

Ինչու Իսրայելը չընդունեց Հայոց եղեռնի բանաձևը
15.06.2018 | 01:27

Վերջին բացասական դեպքերը, որ կատարվեցին Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ, ավելի ճիշտ կընկալվեն ընթերցողների կողմից, եթե վերջիններս ծանոթանան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դերին ու բազմադարյա արմատներին և ճիշտ հետևություն անեն, թե ինչու մերժվեց բարձրացված հարցը։


«Պատրիարք» բառը միաժամանակ պատկառազդու նահապետ է նշանակում, մի մարդ, որը մոտ քառորդ դար Երուսաղեմում հայոց ազգի նահապետ ու առաջնորդ էր ներկայանում մնացած ազգերի ու երկրների առջև։ Իսկ որ դա չափազանց մեծ պատասխանատվություն է նշանակում, իսկապես այդպես է, քանզի խոսքն աշխարհի ամենապայթյունավտանգ ու կարևոր երկրի՝ Իսրայելի մասին է, որտեղ հատվում են երեք հայտնի կրոնները՝ մովսիսական (հրեական), քրիստոնեական և մահմեդական։ Եվ այդ է պատճառը, որ հին Երուսաղեմը բաժանվում է չորս թաղամասերի. Հրեական, Արաբական, Քրիստոնեական և Հայկական։ ՈՒշադրություն դարձրի՞ք, որ այդ չորս թաղամասերից միայն երկուսն էին ներկայացնում իրենց երկրները. հրեականը և հայկականը։ ՈՒրեմն մեր փոքրիկ ազգը այդ սուրբ երկրում հենց իր անունով է ներկայանում մնացած ազգերին։ Ասվածի կարևորությունը շեշտելու համար մի փոքր պատմական էքսկուրս անենք։


Սուրբ Հակոբյանց մայրավանքը, որտեղ հայոց պատրիարքությունն է գտնվում, մի փոքրիկ քաղաք է` պարսպապատված չորս կողմից, երեկոյան ժամը տասին փակվող ու առավոտյան վեցին բացվող, որտեղ բնակվում են վանականները և աշխարհականները` իրենց ընտանիքներով։ Մի խոսքով, քաղաք՝ քաղաքի մեջ, ուր միայն հրավերով է հնարավոր մուտք գործել, նույնիսկ քաղաքի ոստիկանությանը։ Քանի որ մոտ տասնութ տարի առաջ ինձ հրավիրել էին դասավանդելու Երուսաղեմի սուրբ Հակոբյանց հայոց վարժարանում, բնական է, որ ինձ հետաքրքրում էր ամեն ինչ, որովհետև միտք հղացավ գիրք գրելու հայոց Երուսաղեմի մասին։ ՈՒ մի առիթով ինձ հաջողվեց թերթել այդ մեկդարյա գրառումները, որտեղից ապագա գրքիս համար քաղեցի հետևյալ հետաքրքիր տվյալները, որոնք, կարծում եմ, ընթերցողին էլ կհետաքրքրեն։


Պատրիարքարանի հինավուրց դահլիճների պատերից մեզ են նայում հայոց Երուսաղեմի անխոնջ մշակների` պատրիարքների՝ յուղաներկ կտավների վրա նկարված մեծադիր պատկերները: Քիչ հեռու՝ այս աշխարհի հզորների` կայսրերի, թագավորների, թագուհիների և զանազան բարերարների դիմանկարները, որոնք ժամանակին այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Երուսաղեմի հայոց վանքի հետո: Ահա դրանցից մեկի պատմությունը. «1867 թվականին հայոց Երուսաղեմի հոգևոր խորհուրդը, ընդառաջելով Անգլիայի Վիկտորիա թագուհու խնդրանքին, Եթովպիայի Թեոդորոս թագավորի մոտ միջնորդ է ուղարկել երկու հայ վանականների, մի գերված անգլիացու ազատ արձակելու խնդրագրով: Իսահակ Բաբերդցի եպիսկոպոսի գլխավորությամբ երկուհոգանոց պատվիրակություն է գնում Եթովպիա ու երկու տարի այնտեղ ջանում այդ խնդրի բարեհաջող լուծման համար: Վիկտորիա թագուհին, բարձր գնահատելով հայերի այդ աջակցությունը, որպես հիշատակ Եսայի պատրիարքին է ուղարկում իր ամուսնու` Ալբերտ իշխանի և գահաժառանգ Էդուարդի մեծադիր նկարները, իսկ ճանապարհային և այլ ծախսերի համար որպես հատուցում` 1000 ոսկի»: Իսկ եթե բացելու լինեք պատրիարքարանի դահլիճում դրված պատվավոր հյուրերի մատյանը, ապա չզարմանաք, երբ կարդաք ցարական ընտանիքի անդամների, անգլիացի իշխանազունների, Ֆրանսիայի դուքսերի, նույնիսկ Գերմանիայի Վիլհելմ կայսրի ու կայսրուհու ու այս աշխարհի այլ մեծերի, ինչպես նաև հայոց ազգի անվանիների անունները, որոնք, սուրբ Երուսաղեմ գալով, որպես հարգանքի տուրք, հարկ են համարել այցելել հայոց սուրբ Հակոբյանց աթոռ: Իսկ երբ իր թագավորությունը կորցրած Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն 1936 թ. վշտացած սրտով Երուսաղեմ է գալիս, երկու անգամ լինում է Սուրբ Հակոբի վանքում, որտեղ հանդիպում է այն ժամանակվա պատրիարք Թորգոմ Գուշակյանի հետ: Երբ կայսրը խոնարհաբար ծնկի է գալիս Աստծո ծառայի` մեր պատրիարք հոր առջև, վերջինս օրհնում է նրան և քաջալերանքով ասում. «Վեհափառ արքա՛, իմ ազգանունը Գուշակյան է. կանխագուշակում եմ, որ Դուք պիտի վերստանաք Ձեր գահը, և Ձեր ձեռքով խաղաղություն պիտի լինի Եթովպիայի ժողովրդի մեջ: Տիրոջը ապավինե՛ք, և Տերը պիտի Ձեր պաշտպանը լինի»: Հինգ տարի չանցած, 1941 թվականին, նա իսկապես վերստանում է իր գահը և, հիշելով հայոց պատրիարքի օրհնանքը, մեծ արտոնություններ է շնորհում Եթովպիայի հայ գաղութին: Ահա այսպիսի չափազանց կարևոր պաշտոնում էր ծառայում Երուսաղեմի Հայոց պատրիարքը, ում, կարծում եմ, բացի դիվանագիտական ու քաղաքական «հոտառությունից», նաև հովվական մեծ հմտություն է անհրաժեշտ իրեն վստահված հոգևոր հոտի հանդեպ հայրական խնամքով վարվելու համար, մանավանդ որ վերջին տարիներին հայ ուխտավորների թիվը բավականին աճել է։


Հիշում եմ, երբ 2000 թվականի զատկական շաբաթվա հիշատակելի օրերին Երուսաղեմ էր շտապում աշխարհասփյուռ հայերի երամը, Հայոց վանքը կարծես մի մեծ Հայաստանի էր վերածվել, որտեղ թագավորի դերում Հայոց պատրիարքն էր։ Իսկ երբ ավարտվում էին զատկական արարողությունները, բոլորը հավաքվում էին պատրիարքարանի հսկայական դահլիճում, մեկառմեկ մոտենում էին պատրիարքական գահին բազմած Թորգոմ Մանուկյանի աջը համբուրելու և օրհնանքի հետ մեկտեղ ստանալու Հիսուսադրոշմ նշխարքը, որ ամբողջ տարվա ընթացքում հավաքվում էր ամենօրյա պատարագներից հետո։ Որպես վարժարանի նախկին սան, պատրիարքը շատ լավ էր հասկանում ներկայիս վարժարանի սաներին, որոնք մեծ ուշադրությամբ էին լսում հաճախ իրենց այցելող պատրիարք հորը, ով, բացի խրատներից ու օրհնանքից, նաև հայրական գորովանք էր փոխանցում տղաներին, որոնք ընտանիքներից ու ծնողներից հեռու դեռևս փաղաքշանքի կարիք ունեին։ Չնայած պատրիարքի մեծապաշտոն դիրքին, Թորգոմ Մանուկյանը իսկական վանականի նման էր ծառայում Երկնային Տիրոջը։ Նրա կերակուրը նույնն էր, ինչ մյուս վանականներինը, որ ճաշարանից իր աշխատասենյակն էին տանում խոհարարները։ Միակ տարբերությունը, թերևս, այն էր, որ իր ընկեր բժիշկը խորհուրդ էր տվել թեյի մեջ մի փոքր հայկական կոնյակ լցնել, որը նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին։ Ինչպես տեսանք, իսկապես հայոց հողի բուրումնավետ կոնյակը չափավորության մեջ իր դրական գործը արեց, և պատրիարքը ննջեց 93 տարեկան զառամյալ հասակում։ Իսկ որ նա իսկապես Աստծո ընտրյալն էր, ապացուցվեց նաև այն բանով, որ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա¬ի ննջումից հետո հենց Թորգոմ Մանուկյանին վստահվեց կաթողիկոսական տեղապահի պաշտոնը, մինչև նոր կաթողիկոս ընտրվեց։ Այս մասին միայն կարող ենք ասել. «Յիշատակ արդարոց օրհնյալ եղիցի. ամեն»։


Հիմա ավարտենք սկսած թեման Հայոց պատրարքարանի կարևորության վերաբերյալ: Սուրբ Հակոբյանց վանքի պատերը ամենալավ ու ազդեցիկ այցեքարտն են դարձել աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած ուխտավորների համար, որոնք տեսնում են փակցված գունավոր բազմաթիվ քարտեզներ, որտեղ պատկերված են 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կոտորածները հայոց ազգի հանդեպ, մարդիկ իրենց երկրներ են վերադառնում միգուցե առաջին անգամ լսած լինելով Հայաստանի ու հայերի մասին, որոնք դաժան փորձություն են անցել քրիստոնեական հավատի համար, բայց և հասկանում, որ այս անկոտրում ազգը կա և ապրում է Աստծո շնորհով ու պահպանությամբ։ Թեկուզ և այն փաստը, որ սուրբ Հարության Տաճարում, Հիսուսի Սուրբ Գերեզմանում միայն երեք ազգ իրավունք ունի սուրբ պատարագի արարողություն կատարելու՝ երբեմնի Հռոմեական կայսրության հետնորդ կոթոլիկները, ապա աշխարհակալ Բյուզանդիայի մնացորդ հույները և մի փոքրիկ Հայաստանի ներկայացուցիչները, որոնց մասին նույնիսկ շատերը չգիտեն։ Եվ Իսրայել պետությունը Հայաստանին այժմ «քարտ բլանշ» տալով պիտի հզորացնի Հայոց պատրիարքարանի դերը Երուսաղեմում, որը հարյուրավոր հեկտարներ ունի որպես սեփականություն, որոնք չեն օգտագործվում և որոնք սեփականելու մեծ ախորժակ ունի Իսրայելի պետությունը: Բայց քանի դեռ Հայաստանն ու Հայոց պատրիարքարանը ազդեցիկ դեր ունեն աշխարհում, դա հերթական պատերազմական օջախի բռնկում է նշանակում։
Այնպես որ ամեն բան դեռ առջևում է:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ